Ինչպես գիտեք, ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագիծը։ Բավականին շատ առարկություններ առաջացրեց յուրաքանչյուր աշխատող անձի աշխատավարձից հազարական դրամ պահումների մասին առաջարկությունը։ Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչները առաջարկում են այդ «հարկի» ծանրության կենտրոնը աշխատող ժողովրդից փոխադրել բնակչության հարուստ շերտերի վրա։
Եվ իրոք, հազար դրամը, մե՞ծ, թե՞ «ոչ այնքան մեծ» գումար է։ Ամեն ինչ, բնականաբար համեմատության մեջ է հասկանալի։ Նախ նշենք, որ այս տարվա սեպտեմբերի դրությամբ, Հայաստանի առեւտրային բանկերում բնակչության ավանդների մնացորդները գերազանցում էին 1․0 տրիլիոն դրամը։
Այսինքն հանրապետության մշտական բնակչության մեկ շնչին միջինը ավելի քան 333 հազար դրամ են կազմել։ Կամ էլ 1․3 մլն դրամ՝ մեկ «միջին» ընտանիքին։ Նկատենք, որ տասը տարի առաջ այդ ցուցանիշն ավելի համեստ էր՝ ընդամենը 107․3 մլրդ դրամ։ Ստացվում է, որ տասը տարվա ընթացքում բնակչության խնայողությունները (այդ թվում բանկերում) տասնապատիկ աճել են։ Կարելի՞ է արդյոք այդ տվյալների հիման վրա ենթադրել ժողովրդի բարեկեցության համարժեք աճ։
Իրականում խնայողություները կենտրոնացած են մեր հասարակության մեկ բեւեռում՝ իսկ մյուս բեւեռում հակառակ պատկերն է։ Դրա համար էլ ֆինանսների վիճակագրության մեջ գործածվող «բնակչություն» տերմինն ավելի լավ է փոխարինել մեկ այլ՝ ավելի համապատասխան տերմինով՝ «ֆիզիկական անձինք»։
Անցած տարվա վերաբերյալ պաշտոնական տվյալներով՝ մեր հասարակության կեսի եկամուտները տատանվում էին մեկ շնչին ամսական 8․5 հազարից մինչեւ 31 հազար դրամ։ Ըստ էության նման եկամուտը մարդկանց դատապարտում է կիսաքաղցած գոյության, քանի որ շատ կարեւորագույն մթերքներ ՝ օրինակ միսը, ձուկը եւ այլն, նրանց համար անմատչելի են դառնում։ Արդյունքում շատ ընտանիքների սննդակարգը փաստացի սահմանափակվում է հացով ու կարտոֆիլով։
Հասկանալի է, որ այդ պայմաններում բնակչության անապահով խավերը չեն կարող բանկերում խնայողություններ ունենալ։ Այդ դեպքում որքանո՞վ է արդար նույն գումարը պահել եւ՛ այդ ընտանիքներից, եւ խոշոր կապիտալ ունեցողներից։ Հասկանալի է, որ զինծառայողներին հասարակության վերոնշյալ աջակցությունը անհրաժեշտություն է։ Բայց այդ գործին մասնակցությունը պետք է հիմնված լինի ոչ թե «համահավասեցման» սկզբունքի վրա, այլ եկամուտների մակարդակով որոշվի։ Դա իհարկե դոգմա չէ։ Չէ՞ որ մեր շատ քաղաքացիներ (որոնց կարող են միանալ նաեւ սփյուռքի ներկայացուցիչները) կցանկանան զինծառայողների ընտանիքներին սահմանվածից շատ օգնություն ցուցաբերել։
Սմբատ Գրիգորյան




























