ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եթե դա օգուտ կբերի: Այս մասին նա հայտարարել է «Sputnik Armenia» -ին տված հարցազրույցում:

«Մենք երբեք չենք հրաժարվել որեւէ հանդիպումից, լինի նախագահի, ԱԳ նախարարի, անգամ աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմ ենք, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, ինչ-որ առաջընթաց լինի: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետո չեն կատարվում պայմանավորվածությունները, ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» միձազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

ՀՀ նախագահի խոսքով, հայկական կողմը ցանկանում է եւ պատրաստ է «հենց վաղը, հենց այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննությունների մեխանիզմի ստեղծման մասին»:

«Մենք ուզում ենք, որ եւ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ), եւ միջազգային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: