Հայաստանի անվտանգությունը երկրի խորհրդարանական կառավարման ձեւով ավելի հուսալիորեն ապահովված կլինի։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

2015-ի դեկտեմբերին Հայաստանում կայացավ սահմանադրական հանրաքվե, որով հաստատված փոփոխությունների համաձայն՝ հանրապետությունում կառավարման նախագահական  համակարգից անցում է կատարվել խորհրդարանականի։ «Կարծում եմ, ամեն դեպքում կառավարման նման ձեւը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունը ավելի հուսալի կապահովվի»,– ասել է Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին։

Նրա խոսքով՝ շատ երկրներում կարծիք էր ձեւավորվել, թե Հայաստանում գործում էր կառավարման նախագահական համակարգ, իսկ հիմա անցում է կատարվում խորհրդարանականի։ «Դա այդպես չէ։ Մենք ունեինք կիսանախագահական կառավարման ձեւ, եւ ինչպես բոլոր կիսաձեւերը, այն իր թերություններն ունի։ Միայն այն բանի շնորհվ, որ գործող նախագահը խորհրդարանում մեծամասնություն ունի, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետեւ կիսանախագահական համակարգում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանը։

Եվ եթե պատկերացնենք, որ նախագահը կարող է ներկայացնել մի քաղաքական ուժ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության եւ նախագահի միջեւ վատ հարաբերություններ կլինեն»,– պարզաբանել է նա։

Ընդ որում Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ կրում է երկրի անվտանգության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը։ «Եվ բոլորիս էլ հասկանալի է, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ քարտեզի վրա սլաքներ նշի, թե ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Նրա խնդիրն է ապահովել պետության ամբողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ ինչպե՞ս նա կարող է դա անել, եթե իրավունք չունենա բյուջետային միջոցների մի մասը ծախսել այդ նպատակով։ Սա մեկ։ Եվ երկրորդը՝ ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ է, որ իրավունքը լինի այնտեղ, որտեղ  պատասխանատվությունն է»,– ասել է նա։

ՀՀ նախագահը կարծում է, որ խորհրդարանական վերահսկողությունը շատ արդյունավետ կառավարման ձեւ է համակարգերի եւ կառույցների համար, որոնք իրավունքներ եւ պատասխանատվություն ունեն։