Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Կոմիտաս Կարապետյանին:
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ծառայության նոր տնօրենն ուժային տարբեր կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի՝ համոզմունք հայտնելով, որ նա իր գիտելիքներն ու հմտություններն առավելագույնս կկիրառի համակարգի հետագա զարգացման նպատակին:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մեր հանրապետության կարեւորագույն մարմիններից է, եւ այն գործառութայինպարտականությունները, որոնք դրված են այդ կառույցի վրա, ենթադրում են մեծ պատասխանատվություն համակարգի ծառայողների կողմից: Վստահ եմ, որ նոր նշանակումը խթան կլինի ծառայության աշխատանքի բարելավման համար»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ ոլորտի խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:
Վարչապետի խոսքով՝ ԱԻՊԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Հարությունյանը, հանրապետության նախագահի որոշմամբ, ծառայությունը կշարունակի Պաշտպանության բանակում: Կառավարության ղեկավարն այդ առումով ընդգծել է, որ կայացված որոշումները վերաբերում են ոչ թե զուտ պաշտոնների փոփոխություններին, այլեւ առաջին հերթին հաշվի է առնվել նրանց ծառայողական արհեստավարժությունը, եւ մեծ են սպասելիքները, որ այդ ոլորտներում նոր առաջընթաց կապահովվի:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԻՊԾ նախորդ տնօրեն Ա. Հարությունյանին՝ բարձր գնահատելով նրա ներդրումը ոլորտի կառավարման գործում: Իր հերթին Ա. Հարությունյանը եւս շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ոլորտի խնդիրները մշտապես ուշադրության ներքո պահելու համար:
Ծառայության նորանշանակ տնօրեն Կ. Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ թիմի հետ միասին կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնեն ժողովրդի ու իշխանությունների սպասելիքները:




























