Ջեյն Օսթինն իր ժամանակների սակավաթիվ կանանցից մեկն է, ով ոչ միայն հաջողության է հասել գրականության մեջ, այլեւ առայսօր պահպանել է իր ժողովրդականությունը։
Գրողը, որը համարվում է անգլիական ու համաշխարհային գրականության դասական, ընտանեկան, «կանացի սիրավեպի» հիմնադիրն է։ Նրա «Զգացմունքներ ու զգայականություն» (1811), «Հպարտություն ու նախապաշարմունք» (1813), «Մենսֆիլդ պարկ» (1814), «Էմմա» (1815) գրքերը համարվում են գլուխգործոծներ ու գրավում են ընթերցողին իրենց անկեղծությամբ ու սյուժեի պարզությամբ, որն ուղեկցվում է հերոսների հոգեկան ապրումների խորը նկարագրություններով ու մեղմ, հեգնական, հիրավի անգլիական հումորով։ Ջեյն Օսթինն առայսօր համարվում է անգլիական գրականության «Առաջին տիկին»։ Նրա ստեղծագործությունները պարտադիր ընդգրկվում են Մեծ Բրիտանիայի բոլոր քոլեջների ու համալսարանների ուսումնական ծրագրերում։
Ջեյն Օսթինի ծննդյան օրվա կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ նրա կյանքի մասին
1․Ջեյն Օսթինը ծնվել է հոգեւորական Ջորջ Օսթինի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում վեց տղա ու մեկ աղջիկ կար (Կասանդրան)։
2․18-րդ ու 19-րդ դարերի սահմանագծին գրքեր գրելը կանանց վայել զբաղմունք չէր համարվում՝ դա նույնն էր, ինչ տղամարդու բաճկոն հագնելը։ Դրա համար էլ Ջեյն Օսթինի բոլոր առաջին գրքերը թողարկվել էին առանց հեղինակի անվան։ Օրիորդ Օսթինը երկար ժամանակ թաքցնում էր իր զբաղմունքը, նույնիսկ իր մտերիմ ընկերներից։ Նա գրում էր նամակների համար նախատեսված փոքր թղթերի վրա, որոնք հնարավոր էր արագ թաքցնել, եթե որեւէ մեկն անսպասելի ներս մտներ։ Բացի դրանից նա ուներ հատուկ ազդանշան՝ նախասրահի դռան ճռռոցը։ Ջեյնը կտրականապես դեմ էր, որ այդ դուռը նորոգեին։
3․Ջեյն Օսթինը (1775-1817) երբեք ամուսնացած չի եղել ու չիրացված մայրական սիրո իր ամբողջ պաշարը նա փոխադրել էր իր բազմաթիվ զարմիկների ու ոչ այնքան բազմաթիվ գրական երկերի վրա։ «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպը նա իր սիրելի զավակն էր անվանում։
4․ 1815-ի ձմռանը Ջեյն Օսթինը հյուրընկալում էր Լոնդոնում էր, երբ նրա հետ կապվել էր նորին մեծություն Ջ․Ս․Կլարկը, գահաժառանգ արքայազնի անձնական քարտուղարը։ Նա Ջեյնին փոխանցել էր, որ Նորին մեծությունը չի առարկի, եթե Օսթինն իր ապագա ստեղծագործությունները արքայազնին նվիրի։ Նա պատասխան էր գրել (չորս ամիս հետո) ու հարցրել, արդյոք այդ նվերից օգտվելը պարտադիր է։ Պատասխանել էին՝ այո։ Այդ ժամանակ իր նոր «Էմմա» գրքի նախաբանում Օսթինը գրել էր․ «Նորին մեծություն գահաժառանգ արքայազնին։ Նորին մեծության թույլատվությամբ այս վեպը հարգանքով նվիրվում է Նորին թագավորական մեծությանը։ Հնազանդ եւ համեստ ծառա՝ հեղինակ»։ Զգո՞ւմ եք հեգնական ոճը։
Ավելի ուշ արքայազնն առաջարկել էր հոգեւորականների դրական կերպարանք ստեղծել (Օսթինի վեպերում եկեղեցու սպասավորները ծաղրական լույսի ներքո են ներկայացված) ու գրել պատմական վեպ, որը կփառաբանի Սաքսեն Կոբուրգյան արքայական տան գործերը։ Երկու առաջարկներն էլ Օսթինը մերժել է, արդարանալով, որ նման հարցերում ինքն անտաղանդ է։
5․ Ջեյն Օսթինը գիտեր համրերի այբուբենը։ Ենթադրվում է, որ Ջորջի ու Կասանդրա Օսթինի երկրորդ որդին, որին հոր անունով էին կոչել, այդպես էլ չէր սովորել խոսել։
6․Ըստ սիրավեպերի ժամանակակից հեղինակների, Ջեյն Օսթինի «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպը այդ ժանրի բոլոր ժամանակների ու բոլոր ազգությունների լավագույն վեպն է։
7․Նրա «Հպարտություն ու նախապաշարմունք» հանրահայտ վեպն սկզբում մերժվել էր հրատարակչի կողմից, որն այն ձանձրալի ու անկարեւոր էր որակել։
8․ Նրա «Սենդիթոն» վեպը ճանաչվել է տասը կորած լավագույն ստեղծագործություններից մեկը, որոնցից զրկվել է համաշխարհային գրականությունը։ Ջեյնը այն սկսել էր գրել իր մահվանից մի քանի ամիս առաջ ու այդպես էլ չէր հասցրել ավարտել։
9․ Պարոն Քոլինզի՝ «Հպարտություն ու նախապաշարմունք» վեպի հիմար ու մեծամիտ հոգեւորականի անունը անգլերենում հասարակ գոյական է դարձել ու նշանակում է մեծամտություն, եսասիրություն, փառասիրություն։ Կա Не sent me a Collins (նա ինձ «քոլինզ» է ուղարկել) արտահայտություն, որը նշանակում է ձանձրալի, հիմար ու չարչրկված արտահայտություններով նամակ ուղարկել։
10․ Ջեյն Օսթինի տաղանդի մեծ երկրպագուներից է եղել Վալտեր Սկոտը։ Իսկ ահա Շառլոտա Բրոնտեն չէր կիսում իր ժամանակիցերի հիացմունքը։ «Խորը ու իմաստուն» Ժորժ Սանդի համեմատ՝ Ջեյն Օսթինն ընդամենը «ուշադիր է ու ոչ հիմար», համարում էր Բրոնտեն։






























