Հայաստանի Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 22-ին, մեկնարկել է արտահերթ նստաշրջանը:

Նստաշրջան հրավիրելու մասին առաջարկն արել է Կառավարությունը:

Նշենք, որ օրակարգում քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:

Նախագծով առաջարկվում է վիճակախաղերի եւ ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը գործող բազային տուրքի 100.000-ապատիկից դարձնել 500.000-ապատիկ: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել եւ 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ:

Այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաեւ կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Գագիկ Ծառուկյանի Շանգրի Լա խաղատունը կամ Փարավոն զվարճալիքների եւ խաղատնային համալիրը, որն առանց այդ էլ գրավել էր շուկայի 80 տոկոսը:

Նստաշրջանի օրակարգում է նաեւ 3 միջազգային վարկային պայմանագրերի վավերացում, ինչի արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը էլ ավելի կմեծանա: