Հուլիսի 15-ին իր աշխատանքը կսկսի Երևան-Բաթումի գնացքը և ուղերթներ կկատարի մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը։ Նա հայտնել է նաև, որ հուլիսի 8-ին տեղի կունենա արդեն վերանորոգված մարդատար շարժակազմի երթեւեկության բացումը։ «Ընդ որում երթուղու արժեքը չի փոխվի. ուղևորությունը ուղեւորախցիկում կարժենա 20-21 հազար դրամ, իսկ ուղեւորասրահում՝ 9-10 հազար դրամ»,- նշել է նա։
Ըստ ՀԿԵ ուղևորափոխադրումների վարչության ղեկավար Սամվել Գալեչյանի, Երևան-Բաթում գնացքը Երևանից կմեկնի կենտ օրերին: Յուրաքանչյուր ուղերթի ժամանակ գնացքը կարող է տեղափոխել մինչև 500 մարդու, ընդ որում այս տարի ուղերթի տևողությունը կրճատվել է 1 ժամ 20 րոպեով։ Մինչև 5 տարեկան երեխաների համար ուղևորությունը կլինի անվճար, 5-10 տարեկանների համար՝ զեղչով, իսկ 10 տարեկանից բարձր երեխաների համար անհրաժեշտ է վճարել ամբողջ գումարը։
ՀԿԵ-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ հուլիսի 10-ից կգործարկվի Արմավիր-Երևան մարդատար նոր էլեկտրագնացքը, որը կուղևորվի յուրաքանչյուր երկու ժամը մեկ, իսկ տոմսի արժեքը կկազմի 300 դրամ՝ ներառյալ հետդարձը։ Ըստ Գալեչյանի, նման գնացքի հարմարավետությունն այն է, որ երթուղու տևողությունը կկազմի ընդամենը 50 րոպե։
Նշենք, որ ՀԿԵ-ի (որին 2008 թ. փետրվարից փոխանցվել է «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն) ներդրումային ծրագիրը 2008-2009 թվականների համար ավելացվել է 2 անգամ։ Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունն է։


























