Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Վանաձորի ամանորյա տոնակատարությունն ու տոնածառը միայն բյուջեի հաշվին չէ, նաեւ իր անձնական միջոցներով ու նվիրատվություններով է իրականացրել։
Հիշեցնենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո մինչեւ հիմա դեռ ավագանու նիստ չի գումարվել եւ չի հաստատվել 2017-ի բյուջեն։
Մամիկոն Ասլայնանն ասաց՝ քանի որ զբաղված են ամանորյա միջոցառումներով նիստ գումարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում իր «հակառակորդների» հետ։
«Օրենքը թույլ է տալիս, որ եթե բյուջեն հաջորդ տարվա չի հաստատվում, գործելու ենք նախորդ տարվա բյուջեի համամասնությամբ, այսինքն՝ շարժվելու ենք էն թվերով, որն ունեցել ենք նախորդ տարի, այսինքն՝ 2017-ին էլ 2016-ի բյուջեի թվերով ենք գործելու։ Ինչ վերաբերում է ամանորյա տոնակատարությանը, միայն իմ միջոցներով չի, կա նաեւ օգնություն, բյուջեից էլ կա, անձնական էլ կա, նվիրատվություն էլ կա։ Շատ ահռելի գումար է, մենակ բյուջեի միջոցները բավարար չեն»։
Քաղաքապետը խուսափեց նշել՝ քանի միլիոն են ծախսել։
«Մրցույթը շահած կազմակերպություն կա, իրենց հարցրեք, չեմ կարող ասել ՝ ինչքան ա ծախսվել»։
Մամիկոն Ասլանյանը ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» իրավունք չունի պահանջել իր հրաժարականը։ Այսպես առանց նիստեր գումարելու կշարունակեն այնքան աշխատել, քանի դեռ չի տուժել Վանաձորը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները շարունակում են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստը, քանի դեռ չի բացահայտվել՝ այդ դաշինքից ովքեր են քվեարկել հակառակորդ ՀՀԿ-ի օգտին, որի արդյունքում Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ։




























