Երկլեզվությունը ուղեղին «էներգիա տնտեսելու հնարավորություն եւ գլխավորին անցում կատարելու ունակություն» է տալիս, նշված է Slate.fr պորտալում հրապարակված Պեգի Սասթրի հոդվածում:

«Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր եւ գերիատրիայի համալսարանական գիտական կենտրոնի գիտաշխատակից Աննա Ինես Անսալդոյի խմբի իրականացրած հետազոտության համաձայն՝ երկու լեզուների  տիրապետելու տարիները ներգործում են ուղեղի վրա՝ մեծացնելով կենտրոնանալու նրա ունակությունը. նա գործը նախաձեռնելու հմտություն է ձեռք բերում՝ չշեղվելով տեղեկատվության լեցուն հոսքից: Ոչ այն պատճառով, որ երկու լեզվով խոսել կարողանալը «ամրացնում է ուղեղի մկանները», այլ հակառակը՝ որովհետեւ նրան թույլ է տալիս ավելի պակաս ագահ լինել էներգետիկ պաշարներն օգտագործելիս, հետեւաբար նաեւ ավելի արդյունավետ լինել»,- նշված է հոդվածում:

«Անսալդոն եւ նրա գործընկերները նման արդյունքի են հասել համեմատելով մեկ եւ երկու լեզուներով խոսող տարեց մարդկանց ուղեղի գործառնական միացությունները՝ երկու խմբերի փորձարկվողներին խնդրելով խնդիր լուծել, որի համար պահանջվում էր կենտրոնանալ տեսողական (իրի գույնը) տեղեկատվության վրա եւ անտեսել տարածական (տեղը, որտեղ իրը հայտնվում է) տեղեկատվությունը, որոնք միաժամանակ են ներկայացվել: Պարզվել է, որ մեկ լեզվով խոսողները նեյրոնային ցանցի ավելի լայն եւ հարուստ միացություններ են գործարկել, մնչդեռ երկլեզու մարդկանց ուղեղը օգտագործել է սահմանափակ նեյրոնային ցանց, որը փոխարենը ավելի լավ էր հարմարված նպատակային տեղեկատվությանը»,- հայտնում է պորտալը:

Սա նշանակում է, որ «երկլեզու մարդկանց ուղեղը ավելի արդյունավետ է եւ խնայող, քանի որ գործարկում է ուղեղի միայն  փորձագիտական հատվածները»:

«Երկարաժամկետ հեռանկարում այսպիսի արդյունավետությունն ակնհայտորեն իրեն արդարացնում է. հաշվի առնելով, որ երկլեզու մարդիկ նույն արդյունքին են հասնում՝ խուսափելով ուղեղի ճակատային մասին դիմելուց, որը զգայուն է ծերացման նկատմամբ, միջոցների նման տնտեսումը կարող է իր ներդրումն ունենալ այն երեւույթը պատճառաբանելիս, թե ինչու են երկլեզու մարդիկ համեմատաբար ավելի լավ պաշտպանված ուղեղի ֆիզիոլոգիական  ծերացման ախտանիշերից, մասնավորապես ուշ տարիքի դեմենցիայից»,- նշել է Սասթրը: