2016 թվականի հունվար–նոյեմբերին արտահանումը Հայաստանից դեպի ԵՏՄ մյուս երկրներ աճել է 156 տոկոսով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ասուլիսին հայտարարել է Մակրոտնտեսության եւ ինտեգրացիայի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։ Ընդ որում, Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, իսկ դա Միության ներսում բազմակողմանի համագործակցության ամրապնդման վկայությունն է։

Այսպես՝ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան աճել է 154 տոկոսով, դեպի Բելառուս՝ 2.3 անգամ, իսկ Ղազախստան՝ 3.4 անգամ։ Իհարկե, Վալովայայի խոսքով, բացարձակ թվերով Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջիններս հետ դեռեւս այնքան էլ մեծ ծավալներ չի կազմում, սակայն նույնիսկ այսպիսի աճը թույլ է տալիս ենթադրել, որ Միության անդամ պետությունները ամրապնդում են համագործակցությունը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ մինյանց միջեւ։ ԵՏՄ երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2016 թվականին նվազել է, սակայն ոչ այնքան զգալի, որքան նախորդ տարի։ 2015–ին այդ անկումը կազմել էր 30.4 տոկոս, իսկ 2016–ի առաջին տասնմեկ ամիսների արդյունքներով՝ ընդամենը 10.8 տոկոս։ Նշենք, որ 2016 թվականին արտահանման ծավալների ավելազցումը Հայաստանից դեպի Ռուսաստան վերականգնողական բնույթ էր կրում՝ 2015–ի անկման համեմատ։