Կատեգորիկ դեմ ենք իշխանափոխության, արտահերթ ընտրությունների կոչերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին:

Նախօրեին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջապես հանգուցալուծեց նախընտրական քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը. Նա հայտարարեց, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից երկու տարի անց վերաբացում է իր փակած քաղաքական էջը։ Ծառուկյանը շեշտել է, որ իր հեռանալուց հետո  քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չի կարողացել լրացնել։ Թե ո՞րն է Ծառուկյանի տեղը եւ ինչ առաքելությամբ է նա  վերադարձել, NEWS.am-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Պարոն Բաղդասարյան,  Դո՞ւք էլ եք կարծում, որ  քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանի տեղը բաց էր։ 

Քաղաքական դաշտում ոչ մեկ չի կարող տեղ սեփականաշնորհել, թե դա ում տեղն է եղել, ընտրություններից հետո կերեւա։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեր քաղաքական դաշտի կայացումը մեր ամենակարեւորագույն ծրագրերից մեկն է։

Ծառուկյանը երկար ժամանակ  վարանում էր այդ բացը լրացնելու հարցում։ Կարծիքներ կան, որ Ծառուկյանը վերադառնալու որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թույլտվությունը ստանալուց հետո եւ զբաղեցնելու է վերահսկելի ընդդիմության տեղը, համամի՞տ եք։

Դեռ քաղաքական դաշտը չձեւավորված՝ դուք փորձում եք վարկաբեկել  քաղաքական դաշտում հայտ ներկայացրած քաղաքական ուժին եւ գործիչներին։ Այն ընդդիմությունը, որը պետք է իշխանության լիդերի համաձայնությամբ գա քաղաքական դաշտ, ավելի լավ է, որ նա նախօրոք մտածի չգալու մասին։ Ընդդիմադիր դաշտ չեն գալիս իշխանության հետ համաձայնությամբ, նման փորձեր չեն կատարում, դա պարզապես լրատվական հետաքրքրություն է։

Պարոն Բաղդասարյան,  քաղաքական էջը վերաբացելուց հետո ի՞նչ  կարծիքի եք Ծառուկյան քաղաքական դերակատարի մասին։ Փետրվարյան հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը Ծառուկյան քաղաքական դերակատարին որակեց չարիք եւ ասաց՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Չարի՞ք է վերադարձող Ծառուկյանը։

Խնդրում եմ ուշադրություն դարձնեք տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական գործիչների մուտքին։ Եթե պետք է լինեն կոչեր իշխանափոխություններ, արտահերթ նախագահական ընտրություններ, ոչ սահմանադրական ճանապարհով գործողություններ, մենք կատեգորիկ դեմ ենք նման հայտարարություններին։ Դրանք մեր բնականոն աշխատանքը խոչընդոտելու փորձեր են։ Այլ բան է, որ քաղաքական գործիչը հայտ է ներկայացնում սահմանադրական ճանապարհով  մուտք գործել քաղաքական դաշտ, մենք ողջունում ենք նման քաղաքական ուժերին։ Սպասենք  Ծառուկյանի ծրագրերին, մոտեցումներին։ Այն հայտարարությունը որ ինքն արել է, նախորդից տարբերվում է նրանով, որ ինքը արտահերթ կարգավիճակով հեղափոխություն անելու, արյունահեղություն ստեղծելու նպատակ չունի եւ սահմանադրական ճանապարհով գալիս է մասնակցելու 2017-ի ընտրություններին։ Մենք ողջունում ենք Ծառուկյանի քայլերը։ Մեր երկիրը բաց է բոլոր քաղաքական գործիչների ու ուժերի համար։

Դուք ի՞նչ կարծիքի եք Ծառուկյանի մասին։

Երբ որ արդեն վերջնական տարբերակը կլինի՝ Ծառուկյանը ինչ ֆորմատով է գործում, ինչ նպատակներով, բնականաբար, կերեւա։ Իմ կարծիքը չէ, որ պիտի փաթաթեմ մարդկանց վզին, ես քաղաքական գործիչներին վերաբերում եմ նորմալ, համարում եմ մրցակից։

Ծառուկյանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  ձեւավորած դաշինքը չեզոքացնող ուժի բա՞ցը պետք է լրացնի։

Ես խնդրում եմ համբերեք, ապրիլի 2-ին բոլոր հարցերի պատասխանը կստանաք, որեւէ դաշտ որեւէ մեկի սեփականությունը չէ։ Ծառուկյանը չի հայտարարել՝ ընդդիմություն է, ինչ է, որտեղ է լինելու քաղաքական դաշտում։ Եթե լինեն իշխանության կողմից կառավարելի ընդդիմություն, ապա նույն բանն են՝ ինչ իշխանությունը, մենք ուզում ենք, որ  կառուցողական քննադատող ընդդիմություն լինի։ Մեզ ամեն ինչ պետք է սահմանադրական ճանապարհով։