Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով ընթերականերից մեկը, որին դատարանը մի քանի ամիս որոնում էր, այսօր՝ հունվարի 18-ին, ներկայացավ դատարան, սակայն այլ կենսագրական տվյալներով:

Երեւանի Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանն առարկեց, որ այդ անձը հարցաքննվի:

«Նախ պետք է պարզել, թե իրավապահներն ինչ միջոցներ են ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ քննչական գործողության ժամանակ նա ներկայացել է որպես Հարություն Գասպարյան, իսկ այսօր դատարան է ներկայացել Հարություն Մովսիսյանը: Իրականացվել է դատական գործընթացից դուրս անհասկանալի գործողություններ»,- ասաց Վարոսյանը:

Մեղադրող կողմը, սակայն, պնդեց, որ ընթերական հարցաքննվի: Դատարանը որոշեց հարցաքննել ընթերակա ներկայացած Հարություն Մովսիսյանին:

Նշենք, որ ընթերական քննչական գործողության ժամանակ սխալ էր ասել իր ազգանունը, բնակության հասցեն, ծննդյան տարեթիվը:

«Ատրճանակը տեսա, բան եղա… ուրիշ տվյալներ ասացի»,- դատարանում հայտարարեց ընթերական:

Հիշեցնենք, որ Հարություն Մովսիսյանը գործով վկա չէ, ըստ մեղադրող կողմի, նախաքննական մարմինն անհրաժեշտություն չի տեսել նրան հարցաքննելու:

Դատարանում արդեն վկան պատմեց, որ իրեն մոտեցել են Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի խանութներից մեկի մոտ, հրավիրել ոստիկանություն՝ որպես ընթերակա մասնակցելու խուզարկությանը:

«Գնացի Մալաթիայի ոստիկանության երրորդ հարկ, մտանք սենյակ, մի հոգի էլ կար, խուզարկություն ա տեղի ունեցել, ոստիկաններ կային համազգեստով եւ առանց համազգեստի: Ոստիկանության աշխատողն ամբաստանյալի մոտից ատրճանակ հանեցին, դրեցին սեղանին, ու մենք արձանագրեցինք՝ փամփուշտներով ատրճանակ էր, բարաբանով էր, ոստիկանները բացեցին ու հանեցին մի քանի փամփուշտ: Չեմ հիշում՝ ոստիկանության աշխատողը ձեռնոցով էր, թե ոչ, չեմ հիշում»,- ասաց ընթերական:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն:  Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):

20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել: