ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը 2016թ. որակել է բարդ եւ փորձություններով լի տարի: Այս մասին այսօր հունվարի 18-ին, ԼՂՀ Ազգային ժողովում ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նա՝ նշելով, որ անցած տարին եղել է նաեւ քաղաքական նշանակալի իրադարձություններով լի տարի:

Աշոտ Ղուլյանն առանձնացրել է մի շարք կարեւոր իրադարձություններ՝ Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը եւ գործընթացը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը, անկախության հանրաքվեի 25 ամյակը եւ դեկտեմբերի 28-ին՝ առաջին խորհրդարանական ընտրությունների քառորդդարյա տարեդարձը:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ ապրիլի 2-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիային, որը, Աշոտ Ղուլյանի խոսքով, ցավալի հետեւանքներ է ունեցել առաջին հերթին մարդկային կորստի առումով, սակայն այդ օրերին արձանագրվեց նաեւ Արցախի շուրջ համազգային միասնականության կարեւորագույն արտահայտությունը:

Ազգային ժողովի նախագահը այնուհետեւ ներկայացրել է 6-րդ գումարման Ազգային ժողովի  երրորդ եւ չորրորդ նստաշրջաններում խորհրդարանի կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները:

Երկու նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդհանուր առմամբ գումարել է 13 լիագումար նիստ, այդ թվում՝ մեկ արտահերթ նիստ եւ մեկ արտահերթ նստաշրջան:

Շրջանառության մեջ է դրվել 57 օրենք։ Օրենսդրական նախաձեռնություններից 4-ը պատգամավորական է, 53-ը` կառավարությանը:

Խորհրդարանն ընդունել է 48 օրենք, որից 12-ը՝ մայր օրենք:

Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ, անցած տարին,  աշխույժ էր նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման առումով: Ազգային ժողովի միջխորհրդարանական հարաբերություններում, ինչպես նախկինում գերակշռող տեղ են ուեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերը: