Ստամբուլի ահաբեկիչ Աբդուլհադիր Մաշարիպովը հայտարարել է, որ Reina գիշերային ակմուբի վրա է հարձակվել, քանի որ այնտեղ «անհավատներ» են եղել: TRT-ն հայտնում է, որ հարցաքննության ընթացքում՝ ինչո՞ւ է ակումբի վրա հարձակվել հարցին Մաշարիպովը պատասխանել է, որ «այնտեղ անհավատներ կային»:

Նա ասել է, որ ոստիկանին ակումբի մուտքի մոտ գնդակահարել է, երբ նա առաջինն է սկսել կրակել: Նրա խոսքով՝ ինքը մշտական կապի մեջ է եղել Ռաքայում «Իսլամական պետության» կենտրոնակայանի հետ: Նախապես ծրագրվել էր պայթյուն իրականացնել Թաքսիմի հրապարակում: Մաշարիպովը հայտնել է, որ տարեմուտի գիշերը պետք է հանդիպեր մի մարդու, որն իրեն պայթուցիկ սարք էր փոխանցելու: Այն պետք է գործարկվեր Թաքսիմի հրապարակում: Սակայն այս ծրագրից հրաժարվել են հրապարակում անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով: Մաշարիպովին հանձնարարվել է ուրիշ թիրախ գտնել, որը բավականաչափ ուշադրություն կգրավի: Արդյունքում ընտրվել է Reina գիշերային ակումբը:

Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով զոհվել է 39 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է: