Ես առայժմ չեմ հասկանում, թե այս դաշինքներն ինչ են ուզում անել, ուր են ուզում տանել ժողովրդին, ժամանակը ցույց կտա ամեն ինչ: NEWS.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է «Ելքը» ընտրություններին մասնակցի Վարդան Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքների հետ, այսպես ասաց «Ելք» դաշինքին միացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք ունենք հուշագիր, կոնսենսուս, որի շրջանակում կծավալենք մեր գործունեությունը: Դաշինքներ ձեւավորելն իրենց խնդիրն է, ժամանակը ցույց կտա` ով ինչ է ուզում անել: Այս երկիրը պետք է փրկվի այս վիճակից, ես առայժմ չեմ հասկանում` այս դաշինքներն ինչ են ուզում անել, ուր են ուզում տանել էս ժողովրդին: Ժամանակը ցույց կտա, ես ասել եմ ի սկզբանե, որ մենք որդեգրել ենք մի սկզբունք` առայժմ ոչ մեկին չքննադատել: Երկիրը ծայրահեղ վիճակում է գտնվում, եթե մարդիկ իրոք ուզում են էս երկրի համար լավ բան անել, պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես ուրախ կլինեմ, առանց Սերժ Սարգսյանի հեռանալու` այս երկրում ոչինչ չի փոխվելու: Մնացածը ցույց կտա ժամանակը, չեմ ուզում շտապել»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին` հանդիպում, քննարկում եղել է իր մարտական ընկեր Սեյրան Օհանյանի հետ, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է եւ մինչեւ մահ իմ մարտական ընկերն է մնալու, բայց քաղաքական գործընթացներ են ընթանում, թողեք թող զարգանան, ժամանակը ցույց կտա»:

Մյուս հարցին` արդյոք հայտնի է իրենց դաշինքի ցուցակի առաջին եռյակը, Սասուն Միքայելյանը նշեց, որ այո հայտնի է` Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան եւ Նիկոլ Փաշինյան: Թե ով նրանցից կգլխավորի ցուցակը, դեռ հայտնի չէ: