Հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Բորիս Ջոնսոնի միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծել է, որ տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, ակտիվ միջխորհրդարանական կապերով, տնտեսության եւ առեւտրի ոլորտներում համագործակցության դրական դինամիկայով, մշակութային եւ կրթական փոխանակումների ընդլայնմամբ, ինչպես նաեւ՝ միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ:

Բորիս Ջոնսոնն իր նամակում նշել է, որ Միացյալ Թագավորությունն արժեւորում է երկու երկրների միջեւ քառորդդարյա փոխհարաբերությունները, որի ընթացքում իր գործուն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի՝ որպես ժողովրդավարական, բարգավաճ ու կայուն երկրի ամրապնդմանը: Նա ողջունել է Հայաստանում ժողովրդավարական եւ կառավարման ոլորտի բարեփոխումները եւ նշել, որ Մեծ Բրիտանիան սատարում է այդ գործընթացը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի առավել ընդլայնվել եւ խորանալ: