Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին գրում է Reuters-ը:
Կորպորատիվ արժեթղթերի դիվիդենտների հասանելիության ռիսկայնության վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում, իսկ արտարժույթով եւ ազգային արժույթով կարճաժամկետ IDR-ը՝ B մակարդակում:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Fitch-ը երկրի տնտեսական քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ չի կանխատեսում:
Վարկանիշի հիմքում վստահություն ներշնչող դրամավարկային քաղաքականությունն ու պետական պարտքի երկար ժամկետներն են: Բացասական գործոններն են բարձր արտաքին պարտքը եւ բյուջեի դեֆիցիտը, բանկային հատվածում դոլարայնացման բարձր մակարդակը, ինչպես նաեւ հարեւան մի շարք երկրների հետ խնդիրները:
Երկրի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են. տարվա արդյունքներով Fitch-ը 0.8%-ի չափով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում՝ ցածր ներքին պահանջարկի, այդ թվում՝ դրամական փոխանցումների (հիմնականում՝ Ռուսաստանից - խմբ.) անկման պատճառով:
Նույն Ռուսաստանում տնտեսության վերականգնման շնորհիվ՝ 2017-2018 թվականներին աճի վերականգնում է ակնկալվում նաեւ Հայաստանում, համապատասխանաբար՝ 2.1% եւ 3.1%: Աճին կօգնի նաեւ հումքային գների վերականգնումը: Տնտեսական աճի համար ռիսկեր է ստեղծում 2017 թվականին բյուջետային ծախսերի կոնսոլիդացիան: Նպատակը պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 2.8%-ի չափով կրճատումն է:
Ինչ վերաբերում է պետական պարտքի մասնաբաժնին, ապա, Fitch-ի տվյալներով, 2016 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 56.8%-ը (B խմբի երկրների միջին ցուցանիշին մոտ): Միաժամանակ, կառավարության պարտքը բարձր արժութային ռիսկ ունի, քանի որ դրա 80%-ն արտարժույթով է: Ռիսկերը մեղմանում են այն հանգամանքով, որ պարտքերը երկարաժամկետ են:
Նոյեմբերին գնաճը բացասական է մնացել, բայց 2017-18 թվականներին պետք է հասնի ԿԲ-ի թիրախային ցուցանիշին՝ 4%-ի:




























