Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ մտավախություն է հայտնել երկրի տարածքի մի մասի հնարավոր նվաճման առիթով: Եթե անցյալ անգամ քաղաքական գործիչը խոսել էր Կոսովայի հյուսիսը բռնազավթելու՝ Սերբիայի մտադրության մասին, ապա այս անգամ հայտարարել է, որ Բելգրադը դա փորձում է անել Ռուսաստանի օգնությամբ: Այս մասին Տաչին հայտարարել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:
Ըստ Newsru-ի՝ նա նշել է, որ «Ռուսաստանն ու Սերբիան, հնարավոր է, նոր զինված հակամարտություն են ծրագրում Բալկաններում, ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքն ընթանում է ամբողջ թափով»:
«Սերբերի անվտանգության համար սպառնալիքի պատրվակով Սերբիան բացահայտորեն սպառնում է ներխուժմամբ եւ բռնագրավմամբ»,- ասել է Տաչին:
Նրա պնդմամբ՝ այդ մեղադրանքներն անհիմն են, «նույն ռազմավարությունը Պուտինը կիրառել է նաեւ Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում»: «Ռուսաստանի օգնությամբ Սերբիան փորձում է պառակտել Կոսովոն եւ գրավել երկրի մի մասը»,- հայտարարել է Տաչին:




























