«Թրամփի դեմ բողոքի ցույցերը ինչ-որ հին, արխիվային երեւույթի տպավորություն էին թողնում։ Դրանք հիշեցնում էին 70-ականների պացիֆիստական երթերը»,- գրում է հայտնի գրող Ռոբերտո Սավիանոն իտալական La Repubblica թերթում։ Ի տարբերություն բողոքի ակցիաների ՝ Թրամփի ճառը երդմնակալության ժամանակ «նորություն էր», շարունակում է Սավիանոն։

«Ցույցին ես բնականաբար ցուցարարների կողմից էի ու Թրամփի դեմ, բայց ես զգում էի, որ նոր՝ սարսափելի ու դրամատիկ նոր հենց Թրամփն էր, իսկ անցյալի ֆենոմենի դերում ցուցարարներն էին հայտնվել, որոնց հետ ես քայլում էի Նյու Յորքի փողոցներում։ Ահա թե որտեղ է կարճ միացումը»,- պատմում է իտալացի գրողը։ «Այսինքն իրավունքները , սեքսիզմի, հոմոֆոբիայի դեմ պայքարն արդեն անցյալո՞ւմ են»- հարց է բարձրացնում Սավիանոն ու ինքն էլ պատասխանում,- «Ոչ, պարզապես դրանք պետք է նոր արտահայտչամիջոց ձեռք բերեն, որը հասկանալի կլինի նրանց, ովքեր այս պահին չեն հավատում որեւէ քաղաքական նախագծի, չեն վստահում որեւէ ինտելեկտուալ ուղու, չեն ուզում կապվել որեւէ իշխանական կառույցի հետ»։ «Հենց այդպիսինների հետ է կարողանում լեզու գտնել ԱՄՆ նոր նախագահը»։

ԱՄՆ նոր նախագահի ուժն այն է , որ նա «ամբողջովին շրջել է քաղաքականությունը, նրանք ովքեր քվեարկում են նրա օգտին, չպետք է համերաշխ լինեն նրա հետ, նույնիսկ կարող են չհարգել նրան»,- պարզաբանում է Սավիանոն։ «Ահա դա է պոպուլիզմը, որը անհաղթելի է դարձնում պոպուլիստական առաջնորդներին։ Գրավել ձայներ, առանց որեւէ մեկին համոզելու»,- ամփոփում է նա։

«Թրամփը հեռուստատեսությունից ու սոցցանցերից փոխառել է հիմնական սկզբունքը՝ հաղթում է նա, ում հաջողվում է իր կողմը գրավել «հեյթերին»՝ նրան, ով ատում է, անհաջողակին, մարդուն, ով ձախողել է ու դրանում մեղադրում է ուրիշներին»,- համարում է Սավիանոն։

«Ահա թե ինչու է Թրամփը նոր, ու այդ նորը սարսափելի է , ու մենք ստիպված ենք լինելու առաջիկա ամիսներին վերապրել դա, քանի որ Իտալիայում էլ է նույն տրամաբանությունը գործում՝ քաղաքացուն վերածել «հեյթերի», իսկ «հեյթերին»՝ ընտրողի։ Ահա դեպի հաղթանակ տանող ճանապարհը»,- ամփոփում է Սավիանոն Իտալիայում հնարավոր արտահերթ ընտրությունների ու «5 աստղերի շարժում» պոպուլիստական կուսակցության ժողովրդականության ֆոնին։