Պետք է ստուգվի պատգամավորի հայերենի իմացությունը, ոչ թե այդ հանգամանքը հավաստող փաստաթղթի առկայությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար, պրոֆեսոր-լեզվաբան Լավրենտի Միրզոյանը՝ անդրադառնալով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանագրին, ըստ որի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու մոտ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը պետք է ստուգվի:

Միրզոյանի խոսքով, ճիշտ կլինի, որ ստուգվի նաեւ այն թեկնածուների հայերենի իմացությունը, որոնք ունեն հայերենին տիրապետելու մասին համապատասխան փաստաթուղթ: Նա հիշեցրեց  «Լեզվի մասին» օրենքը, ըստ որի, պաշտոնյաները պարտավոր են տիրապետել գրական հայերենին. «Սա ըստ էության վերաբերում է այն պատգամավորների թեկնածուներին, որոնք հասունության վկայականում հայոց լեզվի գնահատականի դիմաց գնահատական չունեն: Այսինքն՝ կարող են մասնակցել մի քանի հոգի, կարող են լինել ջավախահայերը, նախկին Ադրբեջանի տարածքում ապրող հայերը, ՌԴ-ում կրթություն ստացած հայերը, որոնք ՀՀ քաղաքացիներին են, նրանք պետք է գնան հարցաշարերի մրցույթին մասնակցելու»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»:

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաեւ հայերենին տիրապետելու պահանջ: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:

Համաձայն հաստատված կարգի` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: