PicsArt-ը հայ ծրագրավորողների ստեղծած հաջողված ծրագրերից է։Այն իրենից ներկայացնում է բջջային հավելված եւ սոցիալական ցանց լուսանկարների և տեսանյութերի խմբագրման բազմաթիվ հնարավորություններով, աշխատում է Android, iOS  և Windows հարթակներում։ Հավելվածն ունի 350 միլիոնից ավելի ներբեռնում, ամսական 85 միլիոն ակտիվ օգտատեր, 300-ից ավելի աշխատատեղ միայն Երևանում։ Եվ այս ձեռքբերումները՝ ընդամենը 5 տարվա ընթացքում։ PicsArt-ի օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում կարողանում են ստեղծել պահանջված լուծումներ։ 

PicsArt ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրեն Միքայել Վարդանյանը նկատում է, որ հավելվածի մասին տեղեկությունը տարածում են հենց PicsArt-ից օգտվողները։ Մեկը մյուսին փոխանցելով՝ օրգանիկ աճ է գրանցվում, և օգտատերերն իրենք են դառնում հավելվածը գովազդողները՝ ավելացնելով ներբեռնումների թիվը։

Ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրենն ընդգծում է, որ իրենց նպատակն է լինել դաշտի առաջատարների՝ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Սնապչատի հետ նույն հարթության վրա։ PicsArt-ն այդ ճանապարհին է, և այսօր App Store-ում այն թոփ հավելվածների թվում է։

PicsArt-ը հենց այն օրինակն է, որ Հայաստանում կարող են ստեղծվել աշխարհը շուռ տվող նախագծեր։ Ի դեպ, ՀՀ վարչապետն օրերս տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում շեշտել էր, որ մեզ պետք են աշխարհը շուռ տվող ծրագրեր, որոնք կօգնեն զարգացնել ՏՀՏ ոլորտը, բիզնեսը, շուկան: Մեր զրուցակիցը նշում է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ արդեն իսկ կառավարությանը ներկայացրել են փաթեթ, որտեղ նշված են այն ուղղություններն ու կետերը, որոնց շնորհիվ կարելի է էական առաջընթաց արձանագրել։

«Պետք է այնպես անել, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն։ Այս պահին ոլորտում 8 հազար ինժեներ-ծրագրավորողներ ունենք։ Ներկայացրել ենք ծրագիր, որի միջոցով մինչև 2025 թվականը այդ թիվը կարող ենք հասցնել 40 հազարի։ Ընդ որում, այդ 40 հազարը կարող է բազմապատկվել, քանի որ ՏՀՏ ոլորտի զարգացումն իր հետ կբերի նաև հարակից այլ ճյուղերի զարգացման ու մասնագետների պահանջարկի»,- ասում է Միքայել Վարդանյանը։

Ներկայացրած փաթեթում բարեփոխումների առաջարկներ կան նաև կրթության ոլորտից։ Ըստ փաթեթի հեղինակների՝ ոլորտի զարգացումը կարող է ապահովել նաև տեխնոլոգիական մասնագետների ներգաղթ։ Առաջարկներում կան նաև հարկային փոփոխությանն առնչվող հարցեր, որոնք կխրախուսեն ՏՏ ոլորտը։ Մեր զրուցակիցը նշում է, որ փաթեթի հետ կապված առաջին արձագանքները դրական են։

Միքայել Վարդանյանը նկատում է, որ տեխնոլոգիական ստարտափներ այսօր Հայաստանում բավականին շատ են, ընդ որում, դրանք աշխատում են ոչ միայն աութսորսինգի ուղղությամբ, այլև սեփական պրոդուկտներն են մշակում։ Պարզապես բոլորը պետք է միավորվեն և մասնակից դառնան երկրի առողջացման ու առաջընթացի գործին։ Պետք է նաև հանրությանը ներկայացնել հաջողության օրինակներ, ինչը մեզանում շատ կա։ Այդ օրինակները կարող են ոգևորել մարդկանց, վարակիչ դառնալ, մթնոլորտ փոխել։

PicsArt-ը պարբերաբար հանդես է գալիս կրթական ծրագրերով։ Դրանք իրականացվում են ոչ միայն իր աշխատակիցների, այլև մարզերի դպրոցների աշակերտների համար։ Առաջիկայում նույնպես դպրոցների հետ աշխատելու ծրագրեր կան։

PicsArt-ը երիտասարդ ընկերություն է. աշխատողների միջին տարիքը 25 է։ Նախատեսվում է 2017-ի ընթացքում նվազագույնը 50 նոր աշխատատեղ ստեղծել։

Միքայել Վարդանյանը նշում է, որ ստեղծարարությունն ու նորամուծությունները ոչ միայն PicsArt հավելվածի շրջանակում են իրականացնում, այլև գրասենյակում, աշխատանքի ընթացքում։ Նույնիսկ խնջույքների, միջոցառումների ժամանակ են փորձում հետաքրքիր մի բան անել։ Ստեղծարարությունը նրանց առօրյայի մի մասն է։

Ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրենը երիտասարդ մասնագետներին խորհուրդ է տալիս ցանկացած գործ նախաձեռնելիս մինչև վերջ գնալ. «Ճանապարհին տարբեր խնդիրներ են առաջանում, չպետք է հուսահատվել։ Ով հաղթահարում է այդ դժվարություններն ու առաջ գնում, նա էլ հաջողում է։ Կարևորը գաղափարին ու նպատակին հավատալն է։ Բողոքելը հեշտ է։ Պետք է միշտ մտածել, պրպտել, առաջարկություններ անել։ Սա է բերում հաջողության»։