ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստիժամանակ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարականներ տվեց՝ կապված Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հետ: 

«Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձեւավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ: Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավման նպատակով Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների, կազմակերպությունների հետ ապահովել համապատասխան աշխատանքները եւ ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն»,- ասաց նա:

Վարչապետը Սուրեն Կարայանից հետաքրքրվեց՝ ազատ տնտեսական գոտու մեկնարկի վերաբերյալ հայտարարությունն ընթացքի մեջ է, թե ոչ: Սուրեն Կարայանն պատասխանեց, որ անցած շաբաթ հայտարարվել է եւ սպասում են հայտ ներկայացնողներին: