Նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն սոցիալական մի շարք խմբերի համար: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի եւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:

Նախարարը, ներկայացնելով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, նշեց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքով, որով ընդլայնվել են նոտարական գործողությունների եւ ծառայությունների շրջանակը։

Մասնավորապես, այժմ նոտարը, ի թիվս այլ ծառայությունների, իրավասու է հավաստել կտակակատարի լիազարությունները եւ տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ, եւ այլն։