Ռուսաստանի  Դաշնության գլխավոր դատախազությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Ռուսաստանում քննվող քրեական գործերով շոշափվում են նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անունները, թե անգամ կազմվել է նման ցուցակ ու ՌԴ գլխավոր դատախազության կողմից փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազին:

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության, թե մամուլում նշված անձինք որեւէ մեղսակցություն ունեն  Ռուսաստան Դաշնության տարածքում կատարված որեւէ հանցագործության»,- հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Ե.Զաբարչուկի:

Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը նախկինում  հանդես եկել էր հերքումով՝ հայտարարելով, որ  տպագրվածը մտացածին է, արհեստածին:

Ռուսաստանի դատախազությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել ճիշտ հակառակի մասին վկայող պաշտոնական գրություն՝ ընդգծելով, որ  տեղեկություններ չունեն  նման քրեական գործերի առկայության մասին:  Հետեւապես չէին կարող ինչ-որ ցուցակ կազմել, առավել եւս հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Ընդ որում՝ Ռուսաստանի դատախազությունը պաշտոնական գրություն է ուղարկել Հայաստանի դատախազություն՝ հերքելով հայկական մամուլի հրապարակումները: