Բիզնես ոլորտը  լայն հասկացություն է եւ առավել նպատակային ու արդյունավետ կլինի մատնանշել կոնկրետ խնդիր՝ փորձելով գնալ դրա լուծման ճանապարհով: Այս մասին, հունվարի 26-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնարառություն» եռամյա ծրագրի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսերի նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում 2016թ. դեկտեմբերին, ուղղված է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը եւ նպատակ է հետապնդում քաղաքականությունների մշակման վրա մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը:

Ըստ նախագծի՝ հայրենական եւ միջազգային փորձագետները  պետական մարմինների հետ մեկտեղ աշխատելու են  վերհանված հարցերի շուրջ: Վերոնշյալ ծրագրի բուն գործունեությունը սերտորեն առնչվելու  է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը:

«Կառուցողական երկխոսության հանձնարառություն» ծրագրով ընտրված 3 հիմնական ոլորտներն են բիզնեսի, արդարադատության եւ կրթության բնագավառները: ՀՀ ֆինանսների նախարարության ներգրավվածությունը կարեւորվում է հատկապես բիզնես ոլորտում որպես շահառուների վստահության գրավական:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կ. Թամազյանը նշեց, որ բիզնես ոլորտը  լայն հասկացություն է եւ առավել նպատակային ու արդյունավետ կլինի մատնանշել կոնկրետ խնդիր՝ փորձելով գնալ դրա լուծման ճանապարհով: Նա, հաշվի առնելով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ. Զադոյանի հարցադրումը,  առաջարկեց առաջիկա համագործակցության շրջանակում վերհանել ՀԿ-ների հետ աշխատելու եւ քաղաքականությունների մշակման հետ կապված՝ ՀՀ ֆինանսների նախարարության փորձը, ինչպես նաեւ բիզնես ոլորտում առկա՝ գերատեսչության կողմից նկատված խնդիրները: 

Փոխնախարարը անդրադարձավ իր համակարգման ներքո գտնվող ոլորտային խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մասնավորապես՝ վերջերս պետական գնումների ոլորտում կատարված ու կատարվելիք մի շարք բարեփոխումներին, ինչպես նաեւ  լիցենզավորման գործընթացի շրջանակներում ռիսկերի գնահատմանը:

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը կարեւորեց պետություն-քաղաքացիական հասարակություն հարթակի ստեղծումը, որը կնպաստի մեր երկրում հասարակության զարգացվածությանն ու երկխոսության ապահովմանը: Նա նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը ՀԿ-ների եւ պետական կառույցների միջեւ գրագետ աշխատանքային ձեւաչափի մշակումն ու բիզնես շահերի պաշտպանության կոալիցիայի ստեղծումն է:

Հանդիպման ավարտին որոշվեց շարունակել համագործակցությունը եւ նման հանդիպումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենանալով համատեղ ուժերով ապահովել ավելի արդյունավետ ծրագրերի իրականացում եւ գործընթացների վերահսկողություն: