Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը դեմ չեն, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների օրը փոխվի: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունում որեւէ խնդիր չեն տեսնում, որ ընտրությունները հետաձգվեն, ավելին, լավ կլինի, եթե քարոզարշավը սկսվի ոչ թե մարտին, այլ ապրիլին, իսկ խորհրդարանական ընտրությունները նշանակվեն մայիսին:

«Իմ կարծիքով, ընդհանրապես, ավելի ճիշտ կլիներ, որ քարոզարշավը ոչ թե մարտին լիներ, այլ ապրիլին, այստեղ էլ են իշխանությունները բնավորության վատ գծերը ցույց տվել, որովհետեւ մարտին եղանակային պայմանների պատճառով դժվար կլինի քարոզարշավ իրականացնելը: Կարծում եմ` ընտրությունները պետք է լինեն մայիսին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նույնիսկ հիմնավորել է, որ ավելի ուշ պետք է լինեն ընտրությունները: Բայց եթե հաշվի առնենք, որ ապրիլի 2-ին ապրիլյան պատերազմի տարելիցն է, բնականաբար, ճիշտ կլինի ընտրությունները նշանակել գոնե ապրիլի 9-ին»,- ասաց նա:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ եթե մյուս քաղաքական ուժերը համաձայն են, իրենք էլ որեւէ խնդիր չեն տեսնում:

Իսկ «Ելք» դաշինքում այս հարցը դեռ չեն քննարկել, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կարծիքով եւս ճիշտ կլինի խորհրդարանական ընտրությունների օրը փոխելը: Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելը եւ իրավական, եւ բարոյական առումով սխալ է:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը նույնպես նշեց, որ իրենք դեմ չեն ընտրությունների օրը փոխելուն:

«Մենք դեմ չենք, որ տեղափոխվի օրը` հաշվի առնելով ապրիլի 2-ի հանգամանքը: Ընդհանուր քաղաքական որոշման արդյունքում կարծում եմ` կարելի է փոխել ընտրությունների օրը»,- ասաց նա:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս կողմ է ընտրությունների օրը փոխելուն: «Մենք կողմ ենք, որ մի քանի օրով ընտրությունները հետաձգեն, մենք էլ նպատակահարմար չենք համարում, որ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրը տեղի ունենա ընտրությունները»,- մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ նշել էր, որ կուսակցությունը դեմ չէ խորհրդարանական ընտրությունների հետաձգմանը:

Հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ եւ «Համախմբում» կուսակցությունները խոհրդարանական ընտրություններիօրը հայտնի դառնալուց շուրջ 3 շաբաթ անց  պահանջեցին, որ ընտրությունների օրը փոխվի՝ պատճառաբանելով, որ ապրիլի 2-ին նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բացի դրանից՝ պետք է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։