Իմ ջերմ անձնական հարաբերությունները թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կարող են դրական անդրադառնալ մեր քաղաքական համագործակցության վրա։Այս մասին հունվարի 27-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության 8-րդ համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը։

Անդրադառնալով ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռացմանը՝ նա նկատեց, որ դա նրա անձնական որոշումն է։ «Ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, ու եթե Հովիկ Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրանից  հնարավոր ելքերի կապակցությամբ, ապա ես նաեւ գնահատականներ կտամ նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ։ 1995-ից առայսօր մենք ջերմ անձնական հարաբերություններ ունենք։ Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ անձնական հարաբերությունները կարող են որոշակի դրական ազդեցություն թողնել մեր համագործակցության վրա»,- նշել է Վիկտոր Դալլաքյանը։