Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմանների առկայությամբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգում հայտնվի: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

2017 թվականի փետրվարի սկզբին Պրահայում կհանդիպեն Աբաշիձեն եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նրանք ասել են, որ ներկայումս կողմերը չեն քննարկում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջին հերթին կքննարկվեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցության հարցերը եւ «հումանիտար որոշակի խնդիրներ»:

Աբաշիձեի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է Պրահայում երկխոսությունը շարունակել գործնական հարցերի եւ Ժնեւի միջազգային բանավեճերի շուրջ:

«Վրացական կողմը այդ նպատակով պատրաստակամություն եւ քաղաքական կամք ունի»,- ասել է նա: