Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռ Սաշիկ Խաչատրյանը, քիչ առաջ ազատվել է Գորիսի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են Սյունիքի մարզպետարանից:

Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն հիվանդանոցի վիրաբույժ Գագիկ Թունյանը՝ մինչեւ տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ կհայտարարվի: Սաշիկ Խաչատրյանը տնօրենի պաշտոնը ստանձնել էր անցած տարի:

Նա «Որոտանի հէկերի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին է: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել, նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Սաշիկ Խաչատրյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները, նամակ է գրել ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել հիվանդանոցում եւ պարզել ողջ իրողությունը: