Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն պատահական չէ: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

Նրա խոսքով, երբ խոսում են շահերի բախման մասին, ամենամեծ բախումը տեղի է ունենում հենց ՀՀԿ-ում, քանի որ այնտեղ են ռեսուրսները կուտակված. «Ամենասուր պայքարն այստեղ է: Փաստորեն տեսանք 7 տարի առաջ, թե ինչպես հեռացավ ՀՀԿ-ի առաջին ալիքի ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանը եւ նրան փոխարինեց ՀՀԿ-ի երկրորդ ալիքի ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը, հիմա գալիս է երրորդ ալիքը, դա այն մարդիկ են, որոնց բերել է Սերժ Սարգսյանը: Այսինքն կա որոշակի օրինաչափություն»:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը 2015-ի փետրվարի հեռացավ ուժերի դասավորության արդյունքում. «Այսօր իրավիճակը փոխվել է, Ծառուկյանը երեւի նոր ռեսւրսների է տիրապետում եւ պատրաստ է բացել փակ գիրքը: Այստեղ ոչ թե քաղաքական տերմիններով պետք է բացատել, այլ ջունգլիների օրենքով: Մաուգլիի մեջ նկարագրված է, թե ինչպես են շնագայլերը հարձակվում գայլի վրա, երբ նա թույլ է եւ հետ են քաշվում, երբ գայլն ուժեղանում է: Այսինքն բացված գիրքը էլի կարող են փակել ու էլի բացել:

Վերլուծաբանները ասում են՝ քանի որ ՀՀԿ-ականները հայտարարում են՝ «Ծառուկյանը մեր պորյեկտը չի», իսկ քանի որ նրանք ստախոս են, ուրեմն Ծառուկյանը հենց ՀՀԿ-ի պրոյեկտն է: Ավելի խորաթափանցներն ասում են՝ իրենք գիտեն, որ ժողովուրդը իրենց չի հավատում, հատուկ այդպես են ասում, որ ժողովուրդը չհավատա եւ այդ միտքը ամրապնդվի»:

Սուրեն Զոլյանը չի բացառում, որ ՀՀԿ-ի եւ Ծառուկյանի միջեւ կա պայմանավորվածություն. «Բայց եթե, ենթադրենք, ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի  դաշինքը մեծամասնություն հավաքի, իրավիճակը կարող է փոխվել եւ այլ պայմաններ լինեն: Եւ հավառակը՝ կարող է պայմանավորվածություն չի եղել, բայց եթե Ծառուկյանին չհաջողվի հասնել նպատակին, լինելու է որոշակի պայմանավորվածություն»: