«Մարտիկ» հիմնադրամը 2002-ից տնօրինել է ՊՆ պաշտոնյան եւ դա չի կանխվել: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է  խոսվել:  Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է ոչ կամավորության սկզբունքով` աշխատանքի դիմաց ստանալով համապատասխան աշխատավարձ:

Էլ ավելի տարօրինակ է, որ այս ամենը դեռ չի կանխվել, մինչդեռ վստահ եմ` ՊՆ-ում տեղյակ են, որ համաձայն ՊՆ   իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրի՝ վերջինս քաղացիական ծառայող է, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

Ակամա հարց է առաջանում. ՊՆ-ում տեղյակ չե՞ն ՀՀ օրենսդրության պահանջներին, թե՞ օրենքը չի տարածվում «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի եւ ՊՆ իրավաբանական վարչության պետի՝ Սեդրակ Գերասիմի  Սեդրակյանի վրա:

Հուսամ՝ այս հաղորդագրությունն անպատասխան չի մնա (ինչպես իրեն ուղղված իմ նամակը մնաց անպատասխան), հակառակ պարագայում հետեւությունները կլինեն խիստ անձնավորված»: