Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդիրը կասկածներ է հարուցում։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

«Տեսախցիկների հարցն ինձ վրա մեկ բառով ասած ֆարսի տպավորություն է թողնում։ Այսինքն, ի՞նչ է սա նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ այնքան հնարավորություն չունի, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրի։ Էսօր եթե դուք դուրս գաք եւ նայեք Հայաստանում շքեղ տներին, ծախսված փողերին, արտասահմանում կազինոներում ծախսված փողերին, մեր օլիգարխների ապրելակերպին եւ մոտեցումներին, տեսեք՝ քանի՞ տեսախցիկ է տեղադրված Երեւանի փողոցներում։ Կարո՞ղ եք անցնել մի շենքի մոտով, որ ձեզ չնկարահանեն։ Ամեն շենքում դրված են կամերաները, մեքենաների համարները նկարահանվում են։ էդ Հայաստանի Հանրապետությունում չեղա՞վ մի փոքր գումար տեսախցիկների համար»,-ասաց Շահգելդյանը:

Նրա խոսքով, հասել ենք նրան, որ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն ասում է՝ մենք կավելացնենք տեսախցիկների համար հատկացվող գումարը, դուք իջեցրեք ներկրման համար վճարումները:

Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդիրն իշխանության կողմից արհեստականորեն ստեղծվել է, որ չապահովվի ընտրությունների թափանցիկությունը։

«Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունը չի ցանկանում թափանցիկ ընտրություն անցկացնել, որովհետեւ 500 տեսախցիկ տեղադրելը ֆինանսական բեռ չէ»,- նշեց նա։

Մհեր Շահգելդյանը մեկնաբանեց, որ կասկածելի է նաեւ այն, որ միայն մեկ կազմակերպություն է մրցույթին հայտ ներկայացրել՝ այն էլ շատ բարձր գնով. «Հիմա բիզնեսը Հայաստանում բավականաչափ բարդ վիճակում է։ Ընկերությունները փնտրում են՝ որտեղ ինչ-որ մի բան անեն, պարզ խոսենք։ Եվ, հանկարծ, մրցույթին մասնակցում է մեկ ընկերությու՞ն»։

Նա փաստեց, որ ՀՎԿ-ն ամեն ինչ անելու է, որ ապահովվի տեսախցիկների անհրաժեշտ քանակը տեղամասերում. «Մեր խնդիրը լինելու է պայքարել, որ տեսախցիկներ տեղադրվեն բոլոր տեղերում»։