Մոսկվայում աղմկոտ Gelandewagen ավտոմրցարշավի մասնակից Մառա Բաղդասարյանը 15-օրյա վարչական կալանքից հետո վերադարձել է պարտադիր աշխատանքների կատարմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դատական կատարածուների դաշնային ծառայության ներկայացուցիչ Թիմուր Կորոբիցինը:
«Այսօր կալանքի ժամկետն ավարտվելուն պես պարտապան Մառա Բաղդասարյանը կրկին ձեռնամուխ է եղել պարտադիր աշխատանքներին»,- ասել է նա: Նախկինում պարտադիր աշխատանքներից բացակայելու համար հաշտարար դատարանը Մառա Բաղդասարյանի նկատմամբ 15-օրա կալանքի պատիժ էր սահմանել:
Բաղդասարյանը տուգանքները չվճարելու համար դատապարտվել է 595 ժամ պարտադիր աշխատանքների: Նա 2-ական ժամ աշխատում է աշխատանքային օրերին եւ 4-ական՝ հանգստյան օրերին, որը կարող է գրեթե մեկ տարի տեւել: Մինչդեռ անձի գրավոր դիմումի համաձայն՝ կատարածուներն իրավունք ունեն աշխատանքային օրերի պարտադիր աշխատաժամանակը մեծացնել մինչեւ 4 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ մինչեւ 8 ժամ:
Մոսկվայի Դատական կատարածուների դաշնային վարչությունից հայտնել են, որ պարտապանը պատշաճ կարգով տեղեկացվել է օրինական պահանջները կատարելու անհրաժեշտության մասին, նաեւ նախազգուշացվել է վարչական պատժի կատարումից խուսափելու դեպքում վարչական պատասխանատվության մասին:




























