Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանն արդեն 4-րդ օրը հացադուլի եւ ջրադուլի մեջ է: Այսօր` հունվարի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեսակցել է երեկ երեկոյան: Պաշտպանի խոսքով` Ներսեսը եղել է առողջական ծանր վիճակում` գունատ եւ հյուծված: Բացի այդ 30 օր տեւած հացադուլից հետո Ներսեսի ոտքերը դեռ շարունակում են մնալ այտուցված եւ այդ վիճակում նրան ջրադուլ եւ հացադուլ անելն հակացուցված է:
«Խնդրեցի, որ գոնե բուժօգնությունից չհրաժարվի, կամ թույլ տա, որ տեղափոխենք ինչ-որ բուժհաստատություն, բայց չհամաձայնեց»,-ասաց պաշտպանը:
Արայիկ Պապիկյանը նաեւ նշեց, որ այժ բողոք է պատրաստվում ՄԻԵԴ դիմելու համար. «Մի շարք բողոքներ էլ այստեղ ենք ներկայացրել, բայց ՄԻԵԴ ենք դիմլու, որովհետեւ Ներսեսն առողջական շատ վատ վիճակում է եւ այսպես երկար շարունակելը վտանգավոր է նրա համար»:
Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում է ազատ արձակել իրեն:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























