Ամենահզոր ռեսուրսը, որ Հայաստանն ունի, իր ժողովուրդն է. այն ունի շատ խելացի, ստեղծագործող, ձեռներեց մարդիկ. Հայաստանը պետք է շենացվի ներսից: Այս մասին, նշել է Ամենաբարձր աստիճանի հասած ամերիկահայ ականավոր դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը՝ հավելելով, որ հայրենիքի զարգացման ամենամեծ պոտենցիալ պետք չէ փնտրել արտերկրում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Իր դիվանագիտական գործունեությունը դեսպան Ջերեջյանը սկսել է նախագահ Քենեդիի օրոք եւ աշխատել շուրջ 8 նախագահական վարչակազմերի հետ՝ հասնելով պետքարտուղարի օգնականի եւ տարբեր ժամանակահատվածներում Իսրայելում եւ Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումներին:

«60-ականների սկզբին պետքարտուղարությունում ես այն քչերից էի, եթե ոչ առաջին ամերիկահայը, ով ընդունվեց այդ տարիներին չափազանց էլիտար համարվող դիվանագիտական ծառայությանը»,- ասում է դեսպան Ջերեջյանը:

Ազգային փոքրամասնություն լինելու փաստին դեսպան Ջերեջյանն արձագանքում է հումորով:

«Ես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էի, ով կարողացել էր դառնալ այդ էլիտար ակումբի անդամ: Որպես ամերիկահայ մշտապես ստիպված էի բացատրել, թե ինչ է նշանակում իմ Ջերեջյան ազգանունն ու որտեղից է այն ծագում»,- ասում է դեսպան Ջերեջյանը:

Այսօր դեսպան Ջերեջյանի հետնորդները շարունակում են ներկայացնել հայերին ամերիկյան դիվանագիտական շրջանակներում: Նրանց մի մասը ծնունդով Հայաստանից են:

«Հպարտ եմ ասել, որ ես ժառանգորդն եմ ամերիկահայ մեծ դիվանագետների ինչպիսիք են Էդվարդ Ջերեջյանը, բայց նաեւ ներկայացնում եմ մի նոր տեսանկյուն, որը հիմնված է իմ Հայաստանից լինելու հետ, եւ այդ մտածելակերպը փորձում եմ ներկայացնել ամերիկյան դիվանագիտության մեջ»,- ասում է ծնունդով Հայաստանցի, ամերիկահայ դիվանագետ Ռուբեն Հարությունյանը:

Այն հարցին, թե ինչպես է իր հայ լինելը անդրադառնում իր աշխատանքի վրա, Հարությունյանը պատասխանում է, որ այն աներկբա օգնում է։

«Ես ինձ եմ տեսնում այդպես եւ իմ ղեկավարություն է դիտարկում ինձ որպես կամուրջ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ, թե՛ լեզվի, թե՛ մշակույթի, թե՛ իրականության ընկալման առումով եւ ես փորձում եմ յուրովի ներկայացնել Հայաստանի իրականությունն ամերիկյան կառավարությանն ու դիվանագիտությանը, որ այն որոշումները, որը ընդունվում են Վաշինգտոնում լինել հնարավորին չափ ճշգրիտ եւ տեղեկացված",- ասում է Հարությունյանը:

Հարությունյանը ընդգծում է, որ այս առաքելությունը չափազանց պատասխանատու է: Նա ներկայացնում է ամերիկյան կառավարության շահերը Հայաստանում, բայց միեւնույն ժամանակ չի ժխտում, որ նրա արժեքային համակարգում մեծ է հայկական ազդեցությունը: Իր ամերիկահայ լինելուն Հարությունյանը եւս պատասխանում է հումորով:

«Մեր ընտանիքում կա մի կատակ, ասում ենք մեր մասին գծիկով ամերիկացի: Այսինքն անգլերենից վերցված ամերիկացի ու ինչ-որ այլ էթնոսի ներկայացուցիչ»,- ասում է Հարությունյանը:

Դիվանագետներն անդրադարձան Սփյուռքի կարեւորությանն ամերիկահայ հարաբերություններում, ինչպես նաեւ Սփյուռքում առկա սերնդափոխությանը՝ կապված Հայաստանից ԱՄՆ-ը ներգաղթի հետ:

«Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է Հայաստանին հատկապես հզոր ամերիկահայ Սփյուռքի առկայության պարագայում: Մենք դա տեսնում ենք ԱՄՆ-ը Կոնգրեսում, Հայաստանին տրամադրած տնտեսական օժանդակության չափերի, քաղաքական, դիվանագիտական հարաբերություններում»,- ասում է դեսպան Ջերեջյանը:

«Եթե մտածենք Սփյուռքի մասին 25-30 տարի առաջ, դա մեծ հաշվով պարսկահայ, պոլսահայ, Մերձավոր Արեւելքից հայեր էին, որոնք հանգրվանել են ԱՄՆ-ում: Այս վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանից են գաղթել հայեր եւ նույնպես նոր կյանք ստեղծել ԱՄՆ-ում: Այսինքն Սփյուռքը փոխվում է»,- ասում է Հարությունյանը:

Ամերիկահայ դիվանագետների սերնդափոխության այս փոքր օրինակը վառ ապացույց է, որ սփյուռքահայ ականավոր գործիչներն ունեն իրենց արժանի հետնորդներ: