Եթե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկություն ունենար ֆինանսապես աջակցել Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան ստեղծվող դաշինքին,նա այդ մասին բացահայտ կհայտարարեր։ Այս մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Պատասխանելով NEWS.am –ի թղթակցի այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի հայերի միությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նրանց կողմից ստեղծվող դաշինքին, Սարգսյանը հիշեցրեց, որ Արա Աբրահամյանն անցած տարի հայտնել էր Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության մասին, բայց որոշակի հանգամանքներից ելնելով, նա չի մասնակցի ընտրություններին։ «Եվ հիմա նա ոչ Ռուսաստանում է, ոչ էլ Հայաստանում, Միացյալ նահանգներում է։ Եթե նա այդպիսի ցանկություն ունենար՝ բացահայտ կասեր։ Եթե նման խնդիր եք տեսնում, կարող եք այդ մասին նրան հարցնել »։

Ըստ «Ժամանակ» թերթի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահի բազմամյա տեղակալ, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը պատահաբար չէ հայտնվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստեղծվող դաշինքում։ Թերթը նշում է, որ վերջերս Մոսկվայում Օհանյանը հանդիպել է Արա Աբրահամյանի հետ, որը խոստացել է նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել։