2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը ստանձնեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը` չորս տարի ժամկետով։
ՀՀ նախագահը մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երկու նիստի՝ մայիսի 31-ին Աստանայում եւ դեկտեմբերի 26-ին Սանկտ- Պետերբուրգում, որտեղ ստորագրվեցին ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը, ընդունվեցին ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ 33 որոշումները, ընդունվեցին ԵՏՄ ձեւաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության վերաբերյալ համապատասխան որոշումները:
ՀՀ վարչապետը մասնակցեց ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հինգ նիստերի՝ ապրիլի 13-ին եւ նոյեմբերի 16-ին Մոսկվայում, մայիսի 20-ին Երեւանում, օգոստոսի 12- ին Սոչիում, հոկտեմբերի 27-ին Մինսկում։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կառույցում ծավալվող գործընթացներին, ինչպես նաեւ մեծ ուշադրություն հատկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի խորացմանը:
ՀՀ մախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացավ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցեց հոկտեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցեց հունիսի 7-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում սեպտեմբերի 16-ին մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տարվա ընթացքում Հայաստանում կայացան ԱՊՀ ճյուղային մարմինների մի շարք հանդիպումներ:




























