Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները 2016 թվականին «Ագարակ» եւ «Զվարթնոց» անցակետերում 37 միավոր զինամթերք, 45 միավոր սառը զենք է առգրավել, ավելի քան 24 մլն դրամի մաքսանենգ ապրանք է հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունից:

2016 թվականին վարչության ստորաբաժանումները սկսել են նաեւ ավիացիա (ուղղաթիռներ) եւ անօդաչու սարքեր օգտագործել: Շարունակում են ստորաբաժանումները տեխնիկապես հագեցնել նաեւ սահմանի պահպանության ժամանակակից այլ միջոցներով:

«Սահմանների հուսալի պաշտպանությունն անհնար է առանց տեղի բնակչության մասնակցության: Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեեւը խորը երախտագիտություն է հայտնում սահմանամերձ շրջանների բնակիչներին՝ Հայաստանի պետական սահմանի պահպանության հարցում ռուս սահմանապահներին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում: