ԱԺ կանոնակարգում պետք է սանկցիաները խստացվեն, պատգամավորն իրականում պետք է իրեն պատասխանատու զգա ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու հարցում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, «ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Դա էր պատճառը, որ Էթիկայի հանձնաժողովում իմ նախագահ եղած ժամանակ ընթացք տվեցինք այդ ոլորտում ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը: Ես դա բավարար չեմ համարում, ես կարծում եմ, որ սանկցիաները պետք է խստացնել, նույնիսկ դրա համար պահանջներ ներկայացվի, որ եթե դա չի արվում, ապա ինչու չի արվում:

Այսօր կան որոշակի սանկցիաներ, ասենք, որոշ բաների համար զրկել ելույթի իրավունքից, ընդհուպ մինչեւ դուրս հրավիրել դահլիճից, բայց մենք երբեւէ նման բան չենք տեսնում: Բավական է մեկին անեք բացառություն, դա դառնում է օրինաչափություն»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Խոսրով Հարությունյանը չի կարծում, որ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի պետք է դառնա «տրոյկա». «Հանձնաժողովը չի կարող դառնալ «տրոյկա», չի կարող սանկցիաներ կիրառել, չի կարող մի պատգամավորը մյուս պատգամավորին պատժելու սանկցիաներ ներկայացնի, դա անընդունելի է:

Հանձնաժողովի խնդիրն է որոշել, թե արդյոք այն արարքը, որի մասին խոսում են, կարող է որակվել էթիկայի կանոնների խախտում, թե ոչ»:

Մինչ այդ, նույն քննարկմանը մասնակցող «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշել էր, որ Էթիկայի հանձնաժողովը 7 անգամ էթիկայի խախտում է արձանագրել, որից 6-ը վերաբերել են ՀՀԿ-ական երեք մականունավոր պատգամավորների. 3 անգամ Առաքել Մովսիսյանին (Շմայս), 2 անգամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) եւ մեկ անգամ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):