«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ժամանակին Հայաստանի ղեկավարներից մեկը խոսում էր հայերի եւ ադրբեջանցիների «էթնիկական անհամատեղելիության» մասին: Ինձ թվում է՝ նման բան գոյություն չունի ոչ միայն մեր երկու ազգերի դեպքում, այլեւ ընդհանրապես. այս կամ այն էթնոսին պատկանելը չի կարող հանգեցնել մարդկանց համատեղելիության կամ անհամատեղելիության: Հակառակը մտածելն ի վերջո կբերի գանգերի տարբեր ձեւերը համեմատելուն, իսկ դա, ինչպես պարզվեց 20-րդ դարում, փակուղային ճանապարհ է:

Ուրիշ հարց, որ կարող են լինել գաղափարական այնպիսի տարբերություններ, որ դժվար է պատկերացնել, որ երկու մարդ կարող են գնալ միեւնույն քաղաքական ճանապարհով: Լինել գաղափարապես անհամատեղելի՝ միանգամայն հնարավոր է: Սոցիալ-դեմոկրատ հնչակները եւ ազատական ՀՀՇ-ն պետք է որ տրամագծորեն հակառակ ձեւով պատկերացնեին Հայաստանի զարգացման ուղիները, եւ դա հաշվի առնելով՝ այդ երկու կուսակցությունները չպիտի հայտնվեին միեւնույն դաշինքում, ինչը տեղի ունեցավ «հեռավոր» 1995 թվականին: Դա առաջին անբնական դաշինքն էր, որին այնուհետեւ հետեւեցին բազմաթիվ այլ տարօրինակ միավորումներ: Այս նախընտրական փուլում այդ անհեթեթությունը հասել է գերագույն աստիճանի:

Դաշինքներում հիմա միավորվում են՝ ա/ նրանք, ովքեր նեղացել են իշխանությունից, բ/ նրանք, ում չի հասել իրենց ակնկալած փայը, այդ թվում՝ տեղը նախընտրական ցուցակում, գ/ նրանք, ովքեր փող չունեն նախընտրական պայքար ծավալելու, բայց շատ են ուզում պատգամավոր դառնալ, եւ ստիպված են «կցվել» որեւէ հարուստի: Ընդգծեմ՝ խոսքն այսօր ընթացող «առեւտրի» մասին է. «Ելք» դաշինքը ձեւավորվել է դեռեւս անցած տարի, եւ այնտեղ մտել են գաղափարապես «համատեղելի» ուժեր, որոնք հետագայում ցանկանում են ստեղծել մեկ կուսակցություն: Ի տարբերություն «Ելքի»՝ մնացած երկու դաշինքների «տարրերն» առայսօր քաոտիկ շարժման մեջ են, որի արդյունքում ստեղծվում են անհասկանալի հիբրիդներ:

Բայց գաղափարական անհամատեղելիությունից ավելի տարօրինակ է, երբ միավորվում են մարդիկ, որոնք խիստ անհամատեղելի են մշակութային, կրթական, արժեքային համակարգի տեսանկյունից: Ինձ, օրինակ, մեծ ցավ կպատճառի, եթե ես Վարդան Ղուկասյանի, Էջմիածնի Հակոբ Հակոբյանի, Մհեր Սեդրակյանի կողքին տեսնեմ Ալեքսանդր Արզումանյանին (հուսամ՝ նման բան տեղի չի ունենա): Քաղաքականություն, պրագմատիզմ եւ այլն՝ այդ ամենը հասկանալի է, բայց ինձ թվում է՝ նման մարդկանց հետ հնարավոր չէ հասնել ոչ մի վեհ նպատակի: Նույն տարակուսանքն, ի դեպ, ես ապրում էի, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ իրականացնում էր «բուրժուադեմոկրատական հեղափոխություն»:

Ազգերն, այո, չեն կարող լինել անհամատեղելի, առանձին անհատները նույնպես համատեղելի են այնքանով, որքանով կարող են իրար համար խաղաղ համակեցության պայմաններ ստեղծել: Արժեքային համակարգերն, իմ կարծիքով, որոշ դեպքերում չեն կարող համատեղվել: Թե չէ՝ ստացվում է հին բառախաղի նման՝ «Մեր նպատակը միջոցներն արդարացնելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում