Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական  ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին եւ ընդլայնել սպառման շուկաները:

«Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում  արտադրողներին, խոշոր եւ մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք եւ սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում նոր գործարար կապեր հիմնելու, ինչպես նաեւ ծանոթանալու վերամշակման նորագույն  տեխնոլոգիաներին եւ գլոբալ  շուկանների հիմնական միտումներին: