Այժմ մեխանիզմներ չկան, որոնք թույլ կտան իմանալ՝ բարձրաստիճան անձինք հայտարարագրման մեջ ինչքանով ճիշտ են ներկայացնում իրենց գույքի վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը ներկայացնելիս նշել է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, նախագծի նպատակն է հանրությանը տեղյակ պահել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների մասին:

«Հանրության բավականին լայն շերտ կարծում է , որ 25 տարվա ընթացքում Հայաստանի կառավարիչները, իշխողներն իրականացրել են ազգային հարստության եւ ունեցվածքի ոչ արդյունավետ կառավարում, թալանվել է ազգային հարստությունը: Վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան անձանց գույքային վիճակի, ունեցվածքի մասին հստակ պատկերացումներ չկան եւ այս նախագիծը թույլ է տալիս  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանության եւ նպատակների մասին հստակ պատկերացումներ կազմել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այժմ մեխանիզմներ չկան, որոնք թույլ կտան իմանալ՝ բարձրաստիճան անձինք հայտարարագրման մեջ ինչքանով ճիշտ են ներկայացնում իրենց գույքի վերաբերյալ տեղեկությունները:

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ բարձրաստիճան անձանց գույքային վիճակի մասին տեղեկություններ իմանալու համար այս դարում անհրաժեշտ չէ հատուկ հանձնաժողով ստեղծել, քանի որ տեխնիկական զարգացումները թույլ են տալիս շատ հեշտ նամակագրության միջոցով  տեղեկանալ դրանց մասին:

«Յուրաքանչյուր գույքի հետեւից քայլելով Կոլումբոսի նման գնալու եք, տեսնեք առկա է, թե չէ: Տեխնիկայի զարգացման դարում շատ հեշտ է նամակագրությամբ, կամ այլ միջոցով տեղեկանալ պատգամավորի գույքային վիճակի մասին՝ մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալն ու հետո»,-ասաց նա: