ՀՀ արդարադատության նախարարությունը փետրվարի 3-ին ՀՀ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 2017-2019 թվականների Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի նախագիծը:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխնախարար Վիգեն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ քննարկմանն աջակցելու համար ու հավելել, որ ԱՆ-ն կարեւորում է պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների անմիջական եւ ակտիվ մասնակցությունը ծրագրի մշակման աշխատանքներում:

Արդարադատության փոխնախարարը հիշեցրել է, որ համապատասխան մարմիններից նախարարությունը ծրագրի վերաբերյալ ստացել է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն նախագծում ներառելու համար: Վիգեն Քոչարյանը շեշտել է, որ նախագիծը դեռեւս մշակման փուլում է եւ Արդարադատության նախարարությունն ակնկալում է նոր առաջարկություններ ծրագրում՝ միջոցառումներ ներառելու վերաբերյալ:

2017-2019 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակներում քննարկվել են խտրականության դեմ պայքարի եւ կանանց իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, առողջապահության պահպանմանը եւ կյանքի իրավունքին, կրթության իրավունքին, զինակոչիկների իրավունքների պաշտպանությանը, արդար դատաքննության իրավունքին, ազատ արդար ընտրությունների իրավունքին, ազատ արտահայտման, լրատվամիջոցների եւ հավաքների ազատության իրավունքին, տնտեսական իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ պետական մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար անձինք, որոնք բաց եւ անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել ներկայացված առաջարկությունները քննարկելու, ինչպես նաեւ նոր առաջարկություններ  ներկայացնելու համար: