«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում սկսում է դիտորդների վերապատրաստման դասընթացները: «Ընտրական օրենսդրություն եւ ընտրական գործընթաց» խորագրով դասընթացների ընթացքում ապագա դիտորդները կծանոթանան ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, ձեռք կբերեն տեսական եւ գործնական գիտելիքներ: Առաջին դասընթացները տեղի կունենան Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում:

Կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել  գրանցվել որպես դիտորդ՝ լրացնելով հետեւյալ առցանց ձեւաթուղթը, իսկ վստահված անձանց, հանձնաժողովի անդամների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու համար հետեւել  հղմանը եւ լրացնել կից հայտը:

Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նախաձեռնության մասին

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին. դրա ներկայիս անդամ կազմակերպություններն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական եւ համապետական ընտրությունների ժամանակ՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ ժողովրդավարության միջազգային չափանիշներին։