Հայ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում նշում են միայն երկրի ներսում ունեցած գույքը։ Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ–ում ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։
Փաշինյանն առաջարկում է ստուգել ոչ միայն գործող, այլ նաեւ նախորդ իշխանություններին։ Նրա խոսքով՝ առաջին փուլում անհրաժեշտ է ստուգել 2008-ից հետո պաշտոններ զբաղեցրած անձանց, երկրորդ փուլում՝ 1998-2008թթ., երրորդ փուլում՝ 1991-1998թթ.։
«Ուշադրություն է գրավում այն, որ պատգամավորները գրանցում են միայն երկրի ներսում ունեցած գույքը։ Արտասահմանում, այդ թվում՝ օֆշորային գոտիներում նրանց ունեցվածքը ստվերում է մնում։ Դա հայտնվում է միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Այսպես՝ Global Financial Integrity–ի տեղեկություններով՝ 2004-2012թթ. երկրից 9.8 մլրդ դոլար է դուրս բերվել, որը Հայաստանի 4–5 տարվա բյուջեն է»,– նշեց Փաշինյանը։



























