Հայաստանի իշխանությունները պատրաստ են հետաքննել պաշտոնյաների ապօրինի հարստացման փաստերը, բայց դա հենց հիմա սկսելն արդարացված չէ: Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնյաների եկամուտների հետաքննության հարցերի պատգամավորական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարեց իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դրան կողմ են հանդես եկել «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ, որոշակի վերապահումներով, նաեւ իշխանության հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն:
Բաղդասարյանը վստահեցրեց, որ պետական ապարատում օրինականությունը հետաքննելու հարցում պատրաստակամ է նաեւ իշխանությունը, բայց առանց պոպուլիզմի: «Եթե մենք հիմա նման հանձնաժողով ստեղծենք, ապա այն ընդամենը երկու ամիս գոյություն կունենա՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը: Այդ պատճառով ներկայում նման առաջարկը ժամանակավրեպ է եւ պոպուլիստական: Այդ պատճառով մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:



























