Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի կողմից հավասարակշռված մոտեցումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ  Շվեդիայի Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստում նշել է ԱԺ համանուն հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մենք կարեւորում ենք նաեւ ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին՝ հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը:

Հարգելի գործընկերներ,

Առանձնահատուկ կերպով կցանկանայի անդրադառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ որպես նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում կարեւոր հիմնահարցի, ինչպես նաեւ պատմական արդարադատության անհրաժեշտության գործոնի: Մենք բազմիցս ենք նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերկանգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Սա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի, այն է կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման  համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ Սիրիա:

Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին եւ երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում։ Ուրախ եմ, որ դրանց թվում է նաեւ Շվեդիան, որի խորհրդարանը՝ Ռիկսդագը, 2010թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց։ Տեղյակ եմ այդ գործում Ձեր ներկայացրած կուսակցությունների մեծամասնության աներկբա կեցվածքին ու դերակատարմանը: Կարծում եմ՝ սա օրինաչափ ու բնական էր Շվեդիայի կողմից համամարդկային արժեքների պաշտպանության գործում որդեգրած կեցվածքի պարագայում: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կորդեգրի 2010թ. բանաձեւի իրագործման քաղաքականություն, ինչպես եւ խոստացել էր։

Հարգելի գործընկերներ,

Մեկ անգամ եւս ցանկանում եմ ողջունել Ձեզ այսօր ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար: Ես լիահույս եմ, որ համատեղ այս նիստի անցկացումը ուղենիշ կհանդիսանա առավել ակտիվ հարաբերությունների զարգացման գործում»: