Հայաստանը կայուն երկիր է, սակայն շատ կարեւոր է, այդ թվում ֆինանսական սեկտորի զարգացման համար, որ ոչ միայն լինես կայուն երկիր, այլեւ ընկալվես որպես այդպիսին: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը՝ հավելելով, որ այդ առումով ԼՂ հակամարտությունը որոշակի մարտահրավեր է Հայաստանի համար:

Նրա խոսքով, Շվեյցարիան Հայաստան տանսապատիկ անգամ ավելի շատ ապրանք է արտահանում, քան Հայաստանից՝ Շվեյցարիա. «Ես կերազեի Շվեյցարիայում վայելել Հայաստանի ծիրանը, լոլիկը, մեղրը: Դա ունի առաջարկելու Հայաստանը Շվեյցարիային եւ պետք է այդ ուղղությամբ աշխատել: GSP համակարգը, որի անդամ է նաեւ Շվեյցարիան, կարող է օգնել այդ հարցում: Հայաստանը նաեւ հետաքրքրություն է ներկայացնում գիտության ոլորտում: Շվեյցարիայի դեղագործական սեկտորը հետազոտություններ է անում Հայաստանում եւ դա տպավորիչ է»,-ասաց նա:

Դեսպանը նկատեց, որ 2015-ին Շվեյցարիան Հայաստանում ամենամեծ ներդրողն է եղել, շուրջ 90 մլն դոլարի. «Աշխարհով մեկ էլ Շվեյցարիան այդ առումով առաջին 10-յակում է: Չկա որեւէ խոչընդոտ կամ սահման: Պարզապես Հայաստանը պետք է ավելի ճանաչելի դարձնի իրեն դրսի ներդրողների համար: Սա երկարատեւ պրոցես է»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ներդրումներ կան արդեն ժամագործության, հանքարդյունաբերույթյան, ապահովագրության ու բանկային ոլորտներում:

Հարցին, թե ՀՀ-ում ներդրումներ անելու համար պայմանները բարենպա՞ստ են, մենաշնորհների առկայությունը չի՞  խոչընդոտում, Լուկաս Գասերը պատասխանեց. «Երկրի ընկալման համատեքստում կոռուպցիան եւ մենաշնորհների միտումները կարեւոր դեր են խաղում: Եթե երկիրն ընկալվում է որպես ոչ կայուն, ներդրողները երկար մտածում են ներդրում անելուց առաջ: Մենք նույնպես մտադիր ենք եւ կառավարության հետ համագործակցելով փորձում ենք, որ միջավայրը բարենպաստ դառնա ներդրողների համար: Բայց ի վերջո, վերջին որոշում կայացնողը մասնավոր սեկտորի ընկերություններն են»:

Ինչ վերաբերում է Հայաստանից Շվեյցարիա կատարվող ներդրումներին, դեսպանը նշեց, որ նման ներդրումներ եղել են ժամագործության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, սակայն չցանկացավ անուններ հնչեցնել: