Բաքվում ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիային հավակնություններ են ներկայացրել։ Նախօրեին ԵԱՀԿ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բերնեսը Վիեննայում կազմակերպության մշտական խորհրդի նիստի ժամանակ մտահոգություն էր հայտնել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ  տիրող իրավիճակի կապակցությամբ։ «Եթե Երեւանում գրասենյակը ստիպված լինի փակվել, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի եւ ԵԱՀԿ–ի առաջ Ադրբեջանի կառավարության ստանձնած պարտավորությունների վրա։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական գործել հնարավորինս արագ կոմպրոմիսային լուծում գտնելու համար։ Դա թույլ կտա չփակել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը»,– ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե «Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի հետ կապված հարցը  ճգնաժամային վիճակի է հասցվել, ինչը լրջորեն սասանել է Ավստրիայի նախագահության եւ այդ կազմակերպության շրջանակում գործող այլ ինստիտուտների նկատմամբ Բաքվի վստահությունը»։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես «օդից կախված» է՝ հաշվի առնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսի բացակայությունը։ Համանման իրավիճակ է նաեւ Ուզբեկստանում եւ Ղրղզստանում ԵԱՀԿ  գրասենյակների հարցում։

Ըստ գործող պրակտիկայի՝ ազգային գրասենյակների գործունեության մանդատը երկարաձգվում է ամեն տարի ԵԱՀԿ անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի նախագահությամբ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի երկիր (ենթադրվում է՝ Ադրբեջանը) մտահոգություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը զբաղված է իր մանդատին չհամապատասխանող գործունեությամբ եւ հրաժարվել է Համբուրգում ԱԳՆ նախարարների խորհրդի նիստում  հավանություն տալ կազմակերպության բյուջեին։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը,  ասել էր ․  «Հարցը ականազերծման ծրագրին է վերաբերում: Իրականում դա ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ուսուցողական, որը ոչ մեծ ծրագիր է: Խոսքը թրենինգի մասին է, այլ ոչ թե ականազերծման: ԵԱՀԿ-ը ստիպված էր տարածաշրջան առաքելություն ուղարկել, որից հետո հաշվետվություն ներկայացվեց, որ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակեց համառել եւ հեռու գնաց՝ հայտարարելով, որ գրասենյակը չպետք է զբաղվի «Ադրբեջանի շահերը խախտող» գործունեությամբ»- նշել է Նալբանդյանը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը սահմանափակելու փորձերը հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը իրեն հակադրել է  կազմակերպությանը ու հայտնվել անհեթեթ դրության մեջ։

Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը տարածաշրջանում այդ կազմակերպության միակ լիարժեք գրասենյակն էր։