Շվեյցարիան դեմ չէր լինի, եթե շվեյցարական բանակի մոդելի որոշ տարրեր վերցվեին հայկական բանակի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

Դիտարկմանը, որ Շվեյցարիայի բանակը ամենամարտունակն է իրենց տարածաշրջանում եւ արդյոք հնարավո՞ր է, որ իրենց բանակի մոդելը ներդրվի Հայաստանում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում փորձ է արվում ներդնել «ազգ-բանակ» մոդելը, դեսպանն արձագանքեց. «Մեր բանակը դարերի ընթացքում է դրան հասել: Դա շվեյցարական ինստիտուտ է, որի նպատակը չեզոքությունը պահպանելն է: Ես չէ, որ պետք է դատեմ, թե արդյոք Հայաստանը կարող է կրկնօրինակել մեր մոդելը, թե ոչ: Թեեւ դեմ չէինք լինի, երե որոշ տարրեր վերցվեին այդ մոդելից՝ մարդու իրավունքների հարգումը, ազնվությունը եւ այլն: Այդ ուղղություններով արդեն Շվեյցարիան համագործակցում է Հայաստանի հետ: Մի ծրագիր կա, որով Հայաստանի զինուժի հետ համագործակցում ենք»,-ընդգծեց դեսպանը: